Ավստրալիայի արտգործանախարար. Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ուղարկելու հարցը չի դիտարկվում
Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ուղարկելու հարցը չի դիտարկվում, ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, տեղեկացնում է AAP-ը։
Փեյնը տեղեկացրել է, որ կապ է հաստատել ուկրաինացի պաշտոնակցի հետ եւ նշել, որ Ավստրալիան պատրաստ է դիտարկել օգնության ցանկացած կոչ, բայց ոչ մի պաշտոնական հարցապնդում չի ստացել։
«Որպեսզի պարզ լինի, խոսքը ուղիղ ռազմական օգնության մասին չէ։ Ավստրալիայի տեսակետից դա չի քննարկվում»,- լրագրողներին ասել է նա բրիտանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։
«Բայց մենք սերտորեն կհամագործակցենք Ուկրաինայի հետ առաջիկա օրերին եւ շաբաթներին այն խնդիրների հետ կապված, որոնց բախվում է երկիրը»։
Ուկրաինայում Ավստրալիայի դեսպան Բրյուս Էդվարդսը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լրացուցիչ ինքնուրույն պատժամիջոցներ կիրառել, եթե դա արդարացված լինի։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան միասնական են իրենց պատասխանի հարցում։