ՄԱԿ գլխավոր վեհաժողովի ղեկավարը Պեկինի Օլիմպիադայի ժամանակ խաղաղությունը պահպանելու կոչ է արել
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդը ՄԱԿ 193 անդամ երկրներին կոչ է արել «կոնկրետ գործողություններ» ձեռնարկել Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ խաղաղությունը պահպանելու համար, որոնք հաջորդ ամիս տեղի են ունենալու Պեկինում, տեղեկացնում է AP-ը։
Շահիդը նաեւ հորդորել է հակամարտությունների բոլոր կողմերին ամբողջ աշխարհում «համարձակորեն համաձայնել իրական փոխադարձ զինադադարին» օլիմպիական հաշտեցման ժամանակ, որի կոչն է անում Գլխավոր վեհաժողովը։
Դեկտեմբերի 2-ին ԳՎ-ն կոնսենսուսով ընդունեց բանաձեւ, որը հիշեցնում է հին հունական էկեխեյրիայի ավանդույթը, որով «օլիմպիական զինադադարի» կոչ է արվում, խրախուսվում են խաղաղությունը եւ մարզիկների անվտանգ մասնակցության ապահովումը խաղերին՝ «դրանով իսկ համախմբելով աշխարհի երիտասարդությանը խաղաղության գործի շուրջ»։
Բանաձեւում կոչ է արվում անդամ պետություններին «պահպանել օլիմպիական զինադադարը անհատապես եւ կոլեկտիվ» Պեկինում 24-րդ Ձմեռային Օլիմպիադայի սկսվելուց մեկ շաբաթ առաջ եւ մեկ շաբաթ Պարալիմպիական խաղերից հետո։
Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու փետրվարի 4-20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-13-ը։
Շահիդի ուղերձում կոչ է արվում բոլոր երկրներին «կոնկրետ գործողություններ ձեռնարկել տեղական, ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներով՝ խաղաղության եւ համաձայնության մշակույթի առաջմղման եւ ամրապնդման համար՝ առաջնորդվելով օլիմպիական զինադադարի ոգով»։