Անտոնիու Գուտերիշ. չեմ կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա
Աշխարհը շատ առումներով ավելի վատն է, քան հինգ տարի առաջ՝ COVID-19 համաճարակի, կլիմայական ճգնաժամի եւ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Այս մասին The Associated Press-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն իրավունք ունի պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանման եւ ռազմական գործողությունների մասին հրամանների միջոցով, բաժանված է, հատկապես նրա հինգ մշտական անդամները, որոնք ունեն վետոյի իրավունք: Ռուսաստանը եւ Չինաստանը հաճախ հակասում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ առանցքային հարցերի շուրջ:
Հարցին, թե Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, Գուտերիշը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»:
«Որովհետեւ ես չեմ հավատում առկա խնդիրների ռազմական լուծմանը եւ կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման ամենառացիոնալ ճանապարհը դիվանագիտությունն է եւ լուրջ երկխոսությունը»,- ասել է Գուտերիշը՝ ընդգծելով, որ ներխուժումը «սարսափելի հետեւանքներ» կունենա։