Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Պուտինին կոչ է արել «հետ քաշվել Ուկրաինայից նախքան լուրջ ռազմավարական սխալ թույլ տալը»
Արեւմուտքը միասին կպայքարի հանուն ժողովրդավարության բռնապետությունների դեմ, որոնք «ավելի համարձակ են, քան երբեւէ Սառը պատերազմից հետո»: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով` Արեւմուտքը պետք է համատեղ արձագանքի գլոբալ սպառնալիքներին, խորացնի կապերը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժողովրդավարական երկրների հետ եւ «հետ մղի համաշխարհային ագրեսորներին»: «Գլոբալ ագրեսորներն այնքան համարձակ են դարձել, ինչպիսին չեն Սառը պատերազմից հետո», - ասել է Թրասը Սիդնեյի Լոուի ինստիտուտում ունեցած իր ելույթում: «Նրանք ձգտում են դիկտատուրան որպես ծառայություն արտահանել աշխարհով մեկ: Ահա թե ինչու Բելառուսի, Հյուսիսային Կորեայի եւ Մյանմայի նման ռեժիմներն իրենց ամենամոտ դաշնակիցներին գտնում են Մոսկվայում եւ Պեկինում»։
Նա նշել է, որ Արեւմուտքը պետք է աշխատի դաշնակիցների հետ, ինչպիսիք են Ավստրալիան, Իսրայելը, Հնդկաստանը, Ճապոնիան են Ինդոնեզիան՝ «գլոբալ ագրեսորներին հետ մղելու համար», հատկապես` Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում. «Ժամանակն է, որպեսզի ազատ աշխարհը նորից ոտքի կանգնի»:
Թրասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է «հետ քաշվել Ուկրաինայից՝ նախքան մեծ ռազմավարական սխալ թույլ տալը»: «Կրեմլը պատմությունից դասեր չի քաղել» եւ «ներխուժումը միայն սարսափելի ողբերգության եւ մարդկային կորուստների կհանգեցնի, ինչպես մենք գիտենք խորհրդային-աֆղանական պատերազմից եւ Չեչնիայում հակամարտությունից»: