Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնները սկսել են վերատեղակայումը Բելառուսում
Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնները սկսել են վերատեղակայումը Բելառուսում, որտեղ նրանք կանցնեն մարտական պատրաստություն՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Արեւելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնները սկսել են վերատեղակայումը Բելառուսում։ Դրանք ներառված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ եւ շարժվել են դեպի Խաբարովսկի երկրամասի բեռնման կայան: ՀՕՊ ստորաբաժանումները համատեղ երթ կանցկացնեն երկաթուղային տրանսպորտով եւ սեփական երթով դեպի Բելառուսի Հանրապետության անծանոթ հրաձգարաններ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նախարարությունից հայտնել են, որ զորավարժությունների վայրեր ժամանելուց հետո ռուս զինծառայողները կվերազինեն իրենց դիրքերը եւ «կանցնեն հակաօդային պաշտպանության ուսումնական մարտական հերթապահություն Բելառուսի եւ Ռուսաստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի կազմում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին նախարարությունում, ստուգումը տեղի կունենա երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, հնարավորինս արագ կիրականացվի զորքերի վերաբաշխում Բելառուսի տարածքում, պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանություն, պետական սահմանի պաշտպանություն։
Կանցկացվի նաեւ ՀՕՊ-ի հերթապահ ուժերի եւ միջոցների պատրաստվածության եւ կարողության ստուգում՝ հանրապետության տարածքում կարեւոր օբյեկտները քողարկելու առաջադրանքներ կատարելու համար։