ՀԴԲ-ն խուզարկել է կոնգրեսական Հենրի Կուելյարի տունն` Ադրբեջանի մասով հետաքննության շրջանակներում
Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Տեխասում դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի տան եւ նախընտրական գրասենյակի խուզարկությունը կապված է Ադրբեջանի եւ մի քանի ամերիկացի գործարարների նկատմամբ լայնածավալ դաշնային հետաքննության հետ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
Վաշինգտոնում դաշնային մեծ ժյուրին հետաքննում է այդ հարցը, բայց պարզ չէ` արդյոք Կուելյարը հետաքննության առարկա է հանդիսանում:
Այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկեցին Տեխասի Լարեդո քաղաքում գտնվող Կուելյարի տունը, նրա օգնականը հայտարարեց, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության հետ»: «Նա հավատարիմ է արդարադատության եւ օրենքի գերակայության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Կուելյարը վերջին տարիներին Կոնգրեսում Ադրբեջանի խմբակցության համանախագահն էր եւ բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ: