Էնթոնի Բլինքեն. Ուկրաինայի համար խաղադրույքները չափազանց մեծ են
Ուկրաինայի համար խաղադրույքները չափազանց մեծ են: Այս մասին Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որտեղ Ուկրաինայի հարցով բանակցություններ է վարել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը շարունակում է մեծացնել Ուկրաինայի դեմ սպառնալիքը»։ «Եվ այն շարունակում է հարձակվել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական դաշինքի վրա, որը գրեթե մեկ միլիարդ մարդու է պաշտպանում Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության առաջնորդող սկզբունքներին, որոնք մենք բոլորս պաշտպանում ենք... Եթե թույլ տալ Ռուսաստանին անպատիժ խախտել այդ սկզբունքները, դա բոլորիս կվերադարձներ շատ ավելի վտանգավոր եւ անկայուն ժամանակաշրջան,- շարունակեց նա:- Ահա թե ինչու են ԱՄՆ-ն եւ մեր գործընկերները Եվրոպայում այդքան մեծ ուշադրություն դարձնում այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում։
Դա ավելին է, քան երկու երկրների հակամարտություն, եւ ավելին, քան Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի առճակատում։ Սա համաշխարհային հետեւանքներով ճգնաժամ է։ Իսկ դա ամբողջ աշխարհից ուշադրություն ու գործողություն է պահանջում։ Իրականում այս ճգնաժամի էությունն առաջին հերթին զենքի կամ ռազմակայանների մասին չէ,- ասել է նա։ -Խոսքն Ուկրաինայի եւ հետխորհրդային այլ երկրների ինքնիշխանության եւ ինքնորոշման մասին է։ Ըստ էության, բանն այն է, որ Ռուսաստանը չի ընդունում միասնական ու ազատ Եվրոպան այն տեսքով, որն այն ձեռք է բերել սառը պատերազմի ավարտից հետո»։