Իսրայելը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը միաձայն կդատապարտի Հոլոքոստի ժխտումը
Իսրայելը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն Հոլոքոստի ցանկացած ժխտում մերժող եւ դատապարտող բանաձեւ կընդունի եւ կոչ կանի բոլոր երկրներին եւ սոցցանցերին «ակտիվ միջոցներ ձեռնարկել հակասեմականության եւ Հոլոքոստի ժխտման կամ խեղաթյուրման դեմ պայքարի համար», հաղորդում է AP-ն:
Հինգշաբթի ՄԱԿ-ը պետք է քվեարկի բանաձեւի հարցով, որին վճռականորեն աջակցում է Գերմանիան:
Հունվարի 20-ին քվեարկության անցկացումն առանձնահատուկ կարեւորություն ունի. դա Վանզեի կոնֆերանսի 80-ամյակն է 1942 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի Վանզե լճի ափին գտնվող վիլլայում, որտեղ նացիստական առաջնորդները համաձայնության էին եկել այսպես կոչված «Հրեական հարցի վերջնական լուծման» պլանների շուրջ:
Արդյունք դարձան նացիստական մահվան ճամբարների ստեղծումը եւ մոտ վեց միլիոն հրեաների` հրեա ժողովրդի մեկ երրորդի, սպանությունը: Բացի այդ, ըստ բանաձեւի նախագծի, զոհվել են միլիոնավոր այլ ազգությունների, փոքրամասնությունների եւ թիրախային խմբերի մարդիկ։
«Մենք հուսով ենք, որ այն կընդունվի կոնսենսուսով,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։- Եթե մենք ցանկանում ենք, որ այս մարմինը՝ ՄԱԿ-ը, հաջողի ցեղասպանության կանխման հարցում, մենք պետք է հիշենք, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, եւ դա է վաղվա որոշման նպատակը»։
Հոլոքոստը վերապրած բազմաթիվ մարդկանց մահվան եւ ինտերնետի շատ լայն կիրառման պատճառով, նրա խոսքով, «հոլոքոստի խեղաթյուրման եւ նույնիսկ ժխտման վտանգավոր երեւույթը շատ տարածված է դարձել»: