Բաքվում Հայաստանին խորհուրդ են տալիս «ճիշտ գնահատել իրողությունները» եւ «հետևություններ անել»
Հայաստանը պետք է ճիշտ գնահատի աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որոնք ձեւավորվել են տարածաշրջանում եւ դրանից հետեւություններ անի։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Հիշեցնելով նախագահ Իլհամ Ալիեւի հարցազրույցը տեղական հեռուստաալիքներին՝ Հաջիեւը նշել է, որ այս հարցազրույցում պետության ղեկավարը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին երկրի սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
«Նախագահն անդրադարձել է հարցերի, որոնք կարող են հիմք դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մեկնարկի համար։ Բնականաբար, Հայաստանից համապատասխան արձագանքների ենք սպասում։ Երեւանը պետք է ճիշտ գնահատի աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որոնք ձեւավորվել են տարածաշրջանում եւ հետեւություններ անի դրանից»,- ասել է Հաջիեւը, հաղորդում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ նշված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային պահանջներ էր հայտնել Հայաստանի նկատմամբ՝ հասնելով նրան, որ Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւանն ադրբեջանական են, եւ միաժամանակ դժգոհություն էր հայտնել ռուս խաղաղապահներից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից։