Նուրսուլթան Նազարբաեւը կպահպանի Սահմանադրական խորհրդի անդամ լինելու իրավունքը
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կպահպանի հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ լինելու, ինչպես նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) անդամ Քանատ Նուրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ պալատը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք կվերացնեն Նազարբաեւի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում եւ երկրի Անվտանգության խորհրդում:
«Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը՝ Էլբասին, իր պատմական առաքելությամբ ցմահ իրավունք ունի ելույթ ունենալ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի եւ նրա պալատների առջեւ, հանրապետության կառավարության նիստերին կարեւոր հարցեր քննարկելիս եւ լինել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ»,- ասված է փոփոխությունների տեքստում։