Ֆինլանդիան մտադիր չէ մոտ ժամանակներս միանալ ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիան չի նախատեսում մոտ ժամանակներս միանալ ՆԱՏՕ-ին, սակայն պատրաստ է աջակցել իր եվրոպացի դաշնակիցներին եւ ԱՄՆ-ին՝ կոշտ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ, եթե այն «հարձակվի Ուկրաինայի վրա»: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։
«Դա շատ էական ազդեցություն կունենա, եւ պատժամիջոցները չափազանց կոշտ կլինեն»,- ասել է Մարինը Reuters-ին տված հարցազրույցում:
«Շատ քիչ հավանական է», որ Ֆինլանդիան իր պաշտոնավարման ընթացքում կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել էր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի սերտ պաշտպանական գործընկերության կարեւորությունը քննարկելու համար»։
Մարինը նշել է, որ, իր կարծիքով, այլ երկրներ գնահատել են այն փաստը, որ Ֆինլանդիան երկար ժամանակ «ֆունկցիոնալ» հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ։ «Ֆինլանդիան հաստատակամ է մնում իր նախկին դիրքորոշման մեջ, ըստ որի՝ այն իրավունք ունի մի օր միանալ ՆԱՏՕ-ին, եթե այդպես որոշի... Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ էլ որեւէ մեկը»,- հավելել է նա։
Ֆինլանդիան պետք է զգալի հանրային աջակցություն ցույց տա ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին՝ անդամակցություն ձեռք բերելու համար:
Ֆինլանդիայի ամենախոշոր Helsingin Sanomat օրաթերթի վերջերս անցկացված հարցման արդյունքում հարցվածների 28 տոկոսը կողմ էր արտահայտվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, 42 տոկոսը դեմ է եղել, իսկ մնացածները չեն կողմնորոշվել:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի շուրջ քննարկումները կակտիվանան»,- ասել է Մարինը։