ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն վերապատմել է Մեւլութ Չավուշօղլուի հետ իր զրույցը
Անցյալ դեկտեմբերին Ստոկհոլմում թուրք գործընկերոջս հետ իմ զրույցը դժվար է հանդիպում համարել այդ բառի ավանդական իմաստով։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում կառավարության ժամին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ստոկհոլմում կայացած հանդիպման մասին պաշտոնական ծանուցում չի եղել։
Միաժամանակ, ինչպես նշեցին խորհրդարանականները, թուրքական կողմը բավական մանրամասն է այն ներկայացրել։
«Ես կարող եմ բառացիորեն բառ առ բառ վերապատմել իմ զրույցը պարոն Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Մեր հանդիպումը պաշտոնական չէր՝ բառիս ավանդական իմաստով։ Մենք հանդիպեցինք դահլիճ տանող միջանցքում, որտեղ պետք է կայանար ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը։ Քայլում էնք կողք կողքի։ Զրույցն ուներ մոտավորապես հետեւյալ բովանդակությունը․ «Բարեւ» - «Բարեւ», «Ուրախ եմ ծանոթանալու համար» - «Ուրախ եմ ծանոթանալ», «Մենք հակված ենք կարգավորման»-«Մենք նույնպես հակված ենք կարգավորման», «Այդ դեպքում կարող ենք բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել»-«Կնշանակենք հենց որ վերադառնանք տուն եւ սկսենք գործընթացը»։ Կարծում եմ՝ դրական խոսակցություն էր։ Այո, դա պաշտոնական հանդիպում չէր, բայց, այնուամենայնիվ, հանդիպում էր։ Ազդանշանները, իմ կարծիքով, բավականին դրական են»,- ասաց Միրզոյանը։
Այնպես որ, ըստ նախարարի, ճիշտ չէ խոսել որեւէ գաղտնի հանդիպման մասին, հատկապես այս համատեքստում։