Ստանիսլավ Զասը երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանից խաղաղապահ առաքելության զորամիավորումների դուրսբերման ավարտի մասին՝ նշելով, որ առաքելության ընթացքում անձնակազմի, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի կորուստներ չեն գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հասցեագրված հեռագրում նշվում է․ « «Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ առաքելության ավարտի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների զորամիավորումների դուրսբերումն ավարտված է, ստորաբաժանումները կազմակերպված կարգով, սահմանված ժամկետում ժամանել են մշտական տեղակայման վայրեր։ Անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ չկան»»,-մանրամասնել է Զայնետդինովը։
ՀԱՊԿ մամուլի խոսնակը հավելել է, որ Ստանիսլավ Զասը կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ-ի և Ղազախստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող հավաքական որոշումների ընդունմանը անձնապես մասնակցելու համար, ինչպես նաև բարձր է գնահատել խաղաղապահ զորամիավորումների պատրաստվածության մակարդակը՝ նշելով, որ իրականացվել են համակարգված ու հստակ գործողություններ, ցուցաբերվել է խիզախություն, անհրաժեշտ մարտական հմտություններ։