ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Եվրոպայում լայնածավալ պատերազմի ռիսկ չկա
Եվրոպայում լայնածավալ պատերազմի ռիսկ չկա, իսկ Ռուսաստանը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ Եվրոպայում լայնածավալ պատերազմի ռիսկ չկա։ Մենք մտադիր չենք որեւէ ագրեսիվ գործողության դիմել։ Մենք չենք հարձակվելու եւ չենք ներխուժելու Ուկրաինա»,- շեշտել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան սպառնալիք է տեսնում նրանում, որ Ուկրաինան «ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին՝ նույնիսկ առանց կազմակերպության անդամի պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու»։
«Սա այն է, ինչ գտնվում է Ռուսաստանի անվտանգության շահերի կենտրոնում»,- շարունակել է բարձրաստիճան դիվանագետը: Ռյաբկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջարկած եվրաանվտանգության գծով փաստաթղթերի նախագծերը փաթեթային բնույթ ունեն, եւ Մոսկվան պատրաստ չէ դրանք «որոշ մասերի բաժանել»։ «Մենք պատրաստ չենք, օրինակ, որոշ ոլորտներ դիտարկել ի վնաս մյուսների։ Մեզ համար առաջնահերթությունը ԱՄՆ-ի կողմից իրավականորեն պարտավորեցնող ամուր երաշխիքների ձեռքբերումն է, որ այս երկիրը [Ուկրաինան] եւ մյուս երկրները, որոնց մասին մենք արդեն նշեցինք, չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- պարզաբանել է նա։