Էնթոնի Բլինքեն. ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանին իր ռազմական ուժերն ավելացնելու պլաններ ունի
Ռուսաստանը պլանավորում է ավելացնել իր ռազմական ուժերն Ուկրաինայի հետ սահմանին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Կիեւում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առջեը, հայտնում է CNN-ը։
«Մենք գիտենք, որ շատ կարճ ժամկետում այդ ուժերն էլ ավելի մեծացնելու պլաններ կան,- ասել է Բլինքենը:- Եվ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ, եւ դա, իհարկե, գրավել է ոչ միայն մեր, այլեւ մեր գրեթե բոլոր դաշնակիցների եւ գործընկերների ուշադրությունը` ոչ միայն Եվրոպայում, այլեւ դրա սահմաններից դուրս»։ «Սա կրիտիկական ժամանակաշրջան է Ուկրաինայի համար»,- ասել է Բլինքենը:
«Գոյություն ունի դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհ, որպեսզի փորձենք ցանկացած տարաձայնություն լուծել խաղաղ ճանապարհով դիվանագիտության միջոցով,- ասել է նա:- Ակնհայտ է, որ սա է նախընտրելի ճանապարհը, բայց կա այլ ճանապարհ, եթե Ռուսաստանը որոշի վերսկսել ագրեսիան, հակամարտությունը, առճակատումը»:
Նրա խոսքով`նախագահ Ջո Բայդենը խնդրել է իր թիմին «ամփոփել» իրավիճակը դաշնակիցների հետ ինտենսիվ բանակցություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ զրույցներից հետո եւ «վերահաստատել» ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինային։ «Ես իսկապես դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհի հույս ունեմ, բայց ի վերջո դա կլինի նախագահ Պուտինի որոշումը»,- եզրափակել է նա։