Պեսկովը՝ Պուտինին եւ Զելենսկիին Թուրքիա հրավիրելու մասին. ողջունում ենք կարգավորման ջանքերը
Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի առաջարկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիեւի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործընթացի դադարեցման հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ խրախուսել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, դա կարելի է միայն ողջունել»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները։