Թոմաս Տուխել․ Կարծես՝ պարտություն կրած լինենք
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Բրայթոնի» հետ 1։1 հաշվով ոչ ոքի արդյունքը Անգլիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում։
«Բարդ է վերլուծել այսպիսի հանդիպումները։ Դաշտի տերերի համար սա նման էր գավաթային խաղի։ Կարծես՝ պարտություն կրած լինենք։ Այդպիսի տպավորություն է։
Անկասկած, թիմից պետք է պահանջել առավելագույնը, սակայն այս փուլում ամեն ինչ շատ բարդ է։ Մենք 7 օրում 3 արտագնա հանդիպում ենք անցկացրել։ Ամբողջ ընթացքում ճանապարհին ենք, չենք հասցնում լիարժեք քնել։
Արդարացումներ չեմ փնտրում, ներկայացնում եմ իրականությունը։ Արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց հիմա թիմը հյուծված է»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։
Պրեմիեր լիգայի չորրորդ խաղում անընդմեջ «Չելսին» հաղթանակ չտարավ եւ 23 խաղից հետո 44 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» 21 խաղում վաստակել է 45 միավոր։ Առաջատարը չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որը 22 խաղից հետո ունի 56 միավոր։ «Բրայթոնը» (21 խաղ) 9-րդն է՝ 29 միավոր։
Հաջորդ տուրում «Չելսին» հունվարի 23-ին կընդունի «Տոտենհեմին»։