Իսպանիայի կառավարությունն ամսական 250 եվրո կվճարի երիտասարդներին, որպեսզի օգնի բնակարան վարձելու հարցում
Իսպանիայի կառավարությունը ամսական 250 եվրո կվճարի ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին, որպեսզի օգնի «կտրել պորտալարը», քանի որ տան վարձ վճարել չկարողանալու պատճառով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ապրում իրենց ծնողների հետ, հայտնում է AP-ն:
Բնակարանաշինության նախարար Ռաքել Սանչեսն ասել է, որ, այս ամսից սկսած, մինչեւ 35 տարեկան եւ 24,318 եվրոյից ցածր տարեկան եկամուտ ունեցող իսպանացիները կարող են դիմել երկու տարով բնակարանների վարձակալության ամսական սուբսիդավորման համար:
Սուբսիդիան «կարեւոր տարր է՝ ապահովելու, որ բնակարանների գներն այլեւս խոչընդոտ չհանդիսանան երիտասարդության էմանսիպացիայի համար»,- ասել է նա:
Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Իսպանիան իրենց ծնողների հետ ապրող երիտասարդների ամենաբարձր մասնաբաժինն ունի Եվրոպայում։
Սա սերտորեն կապված է Իսպանիայի երիտասարդության գործազրկության էնդեմիկ բարձր մակարդակի հետ, որտեղ մինչեւ 25 տարեկան մարդկանց 29%-ը գրանցվում է որպես գործազուրկ:
Սակայն վարձավճարների ուղղակի սուբսիդիաները կարող են ավելի քիչ արդյունավետ լինել, քան ակնկալում է կառավարությունը, քանի որ փոքր բնակարանների բարձր պահանջարկը, հավանաբար, կհանգեցնի գների աճի, ասել է երկրում անշարժ գույքի Idealista ամենամեծ կայքի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Ինարետան: