Վարժեցված շները սկսել են դպրոցներում կորոնավիրուս հայտնաբերել
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հինգ դպրոցներ վարժեցված շներ են վարձել՝ աշակերտների եւ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային վարակ հայտնաբերելու համար, գրում է BBC-ն։
Վարժեցված շները շրջում են դասասենյակներով, ճաշարաններով, միջանցքներով եւ դպրոցական այլ տարածքներով: Եթե կենդանիները զգան, որ COVID-19-ով վարակված կա, թաթերը կդնեն նրա վրա, որից հետո մարդուն կուղարկեն թեստավորման։
Սակայն մարդիկ տարբեր կերպ են արձագանքել այս նորույթին։ Շատերի մոտ հարց է առաջացել, թե կարող են արդյոք շները կորոնավիրուսի տարածողներ դառնալ եւ չեն վախեցնի արդյոք նրանք երեխաներին։ Սակայն հինգ դպրոցների մենեջեր Ռիկ Մեդեյրոսի խոսքով՝ աշակերտները ուրախ են կենդանիների հետ շփման համար։
«Շները կարող են խաղալ աշակերտների հետ, ինչը շատ է դուր գալիս փոքր երեխաներին»,- բացատրել է տղամարդը:
Բացի այդ, Ռիկը հավելել է, որ շների համակարգն իրեն լավագույնս է դրսեւորել, ԱՄՆ-ի մյուս դպրոցները եւս արդեն սկսել են օգտագործել այս մեթոդը։