Պուտինն ու Ալիևը քննարկել են ներուկրաինական կարգավորումը
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են ներուկրաինական կարգավորումը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաշվի առնելով վերջերս Ուկրաինա Իլհամ Ալիեւի կատարած այցը, քննարկվել են Կիեւի ապակառուցողական գծի պատճառով տեղում դոփող ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը պատմել է Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ իր շփումների մասին։
«Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը հաջողվել է արագորեն կայունացնել, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։