Իսրայելի ոստիկանությունը Pegasus լրտեսական ծրագրով հետևել է Նեթանյահուի ընդդիմախոսներին. հետաքննություն
Իսրայելի ոստիկանությունը մասնավոր NSO Group ընկերության աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրի միջոցով հեռավար հասանելիություն, վերահսկում է ստացել Իսրայելի քաղաքացիների, այդ թվում՝ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ ընդդիմադիր շարժման առաջնորդների բջջային հեռախոսների նկատմամբ, որոնցից կարողացել է տեղեկություն ստանալ:
Ինչպես գրում է washingtonpost.com-ը, այս են վկայում իսրայելական Calcalist թերթում հրապարակված հետաքննության արդյունքները: Ըստ Calcalist-ի հետաքննության՝ ոստիկանությունը սկսել է ծրագիրն օգտագործել 2020-ին՝ հեռակա կարգով հսկելով «Սև դրոշի» նշանավոր ակտիվիստների հեռախոսները, որոնք կոչ էին անում պաշտոնանկ անել Նեթանյահուին, որն այն ժամանակ վարչապետ էր:
Նեթանյահուն՝ Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը, լքել է պաշտոնը 2021 թվականի հունիսին, սակայն շարունակում է ներքաշված լինել կոռուպցիայի գործով դատավարության մեջ:
Նշվում է, որ լրտեսող ծրագիրն օգտագործվել է տվյալներ հավաքելու համար այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք կարող են հետագայում հարցաքննվել Նեթանյահուի գործով: Այդ պարագայում նրանց վերաբերյալ հավաքված տվյալները պետք է օգտագործվեն որպես ներազդեցության լծակ:
Հուլիսին The Washington Post-ի և 16 մեդիա գործընկերներից բաղկացած կոնսորցիումի հետաքննությունը պարզել է, որ Pegasus-ը NSO-ի կողմից արտոնագրվել է աշխարհի կառավարություններին՝ ահաբեկիչներին և հանցագործներին հետևելու նպատակով: Սակայն պարզվել է, որ ծրագիրն օգտագործվել է լրագրողների, իրավապաշտպանների, բիզնեսի ղեկավարների սմարթֆոններին հասանելիություն ստանալու համար։