Ղազախստանում հունվարի 19-ից կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը
Ղազախստանում հունվարի 19-ի գիշերը կչեղարկվի արտակարգ դրությունը և պարետային ժամը։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Հունվարի 19-ի կեսգիշերից արտակարգ դրությունը դադարեցվում է Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթի, Ատիրաու, Ժամբիլ, Կիզիլորդա և Մանգիստաու շրջաններում»,- գրել է Ուալին Facebook-ում։
Նա մանրամասնել է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանակից շուտ հանել էր արտակարգ դրությունը այլ շրջաններում։
Ալմաթիի պարետատունը իր հերթին նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում քաղաքի շուրջօրյա պարեկությունն ապահովում են ոստիկանությունը, Ազգային գվարդիայի զինվորականները և Ղազախստանի ՊՆ-ն։. Անցակետերը շարունակում են գործել։