Կանադան հատուկջոկատայիններ է ուղարկել Ուկրաինա
Կանադայի պաշտպանության նախարարությունը հատուկ նշանակության ուժերի ջոկատ է ուղարկել Ուկրաինա՝ ռուս-ուկրաինական սահմանին կոնֆլիկտի առաջացման վախից, տեղեկացնում է Global News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ ջոկատի հիմնական խնդիրը կանադացի դիվանագետների տարհանման պլանի մշակումն է երկու պետությունների սահմանին իրավիճակի սրման դեպքում։ Պաշտոնական տեղեկությունն առայժմ ոչ Կանադայի պաշտպանության նախարարությունում, ոչ կառավարությունում չեն հաստատել։
Հեռուստաալիքը կանադացի զինվորականների ներկայությունը անվանել է ՆԱՏՕ գծով դաշնակիցների փորձ՝ զսպելու ռուսական «ներխուժումն» Ուկրաինա եւ պարզելու Կիեւին օգնության ցուցաբերման միջոցները։
Հատուկ գործողությունների հրամանատարության մամուլի քարտուղար, մայոր Էմբեր Բինոն նշել է, որ Կանադայի հատուկջոկատայինները կուսուցանեն ուկրաինացի զինվորականներին եւ «հրահանգչի եւ առաջնորդի փորձը» կհաղորդեն մի քանի տարվա ընթացքում։ Ընդ որում՝ վերջին ջոկատը, որն Ուկրաինա է մեկնել հունվարի 9-ին, պարապմունքներ չի անցկացնելու։
Կանադայի բանակը դասընթացներ է անցկացնում Unifier գործողության շրջանակում 2015 թվականից։ Ուկրաինական բանակի զինվորների եւ սպաների վարժանքները տեղի են ունենում Լվովի մարզի Յավորովյան զորադաշտում։ Ներկա պահին առաքելության կազմում մոտ 200 կանադացի զինծառայող կա։ 2019թ. մարտին երկրի կառավարությունը որոշում ընդունեց երկարացնել առաքելությունը մինչեւ 2022թ. գարուն։
2021թ. նոյեմբերին Կանադան որոշեց մեծացնել իր զորակազմը Ուկրաինայում։ Օտտավան որոշեց այնտեղ ուղարկել մի քանի հարյուր զինծառայող, Ռումինիայից Ուկրաինա նետել CF-18 կործանիչներ եւ Սեւ ծով ուղարկել մարտական նավ։