ԱՄՆ Կոնգրեսը կոչ է անում հետաձգել 5G ցանցերի տեղակայումը օդանավակայանների մոտակայքում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների հանձնաժողովի անդամները երկուշաբթի կոչ են արել հեռահաղորդակցության օպերատորներին հետաձգել 5G կապի ցանցերի տեղակայումը օդանավակայանների մոտակայքում, քանի դեռ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) չի հաստատել նման քայլի անվտանգությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ կոմիտեի կայքում տեղակայված հաղորդագրության՝ կոմիտեի նախագահ Փիթեր Դեֆազիոն աջակցել է ԱՄՆ ավիափոխադրողների կոչին՝ արգելել մի շարք օդանավակայանների թռիչքուղիներից մոտ երկու մղոն հեռավորության վրա օբյեկտների տեղակայումը: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանի հրահանգը, որն ընդունվել է Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի կողմից, օգնել է լցնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գրպանները ավիացիոն անվտանգության հաշվին: Մենք պետք է FAA-ին եւ ավիացիոն ոլորտին ավելի շատ ժամանակ տանք, որպեսզի ուշադիր գնահատեն 5G ներդրման ռիսկերը՝ խուսափելու օդային երթեւեկության համար հնարավոր աղետալի խափանումներից», - ասվում է օրենսդիրի հայտարարության մեջ:
Երկուշաբթի ԱՄՆ առաջատար ավիափոխադրողները դաշնային կառավարությանը հորդորել են «անհապաղ միջոցներ ձեռնարկել»՝ կանխելու օդային ճանապարհորդության խոշոր խափանումը՝ կապված օդանավակայանների մոտ 5G կապի ենթակառուցվածքի տեղակայման հետ: Ավիաընկերությունների կողմից ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտին ուղարկված նամակում ասվում է, որ երկրի իշխանությունները չեն հաստատել 5G-ի ենթակառուցվածքի տեղադրումից հետո օդանավակայանների եւ թռիչքների զգալի մասի անվտանգությունը։ Ավիափոխադրողներին անհանգստացնում է այն փաստը, որ նոր սարքավորումն իր աշխատանքում օգտագործում է նույն հաճախականությունները, ինչ ինքնաթիռներում գտնվող մի շարք գործիքներ:
Տրանսպորտի նախարարությունը ավելի վաղ որոշել էր ստեղծել բուֆերային գոտիներ երկրի մի շարք խոշորագույն օդանավակայաններում։
Ավելի վաղ ամերիկյան AT&T եւ Verizon հեռահաղորդակցության օպերատորները Տրանսպորտի նախարարության խնդրանքով պայմանավորվել էին երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 19-ը, հետաձգել 5G բջջային ցանցերի գործարկումը C տիրույթում՝ թռիչքների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: