12 օրական Մոնթեն Ենգոյանների ընտանիքի իններորդ որդին է. Ենգոյանների ընտանիքի առաջին զինվորները՝ Հարությունը և Դավիթը, մասնակցել են 44-օրյա պատերազմին
12 օրական Մոնթեն Ենգոյանների ընտանիքի իններորդ որդին է, տասներորդ՝ զավակը։ Ընտանիքի մայրը՝ 39-ամյա Քրիստինե Մանուկյանը նշում է՝ Մոնթեի ծնունդը նույնչափ ուրախություն է պարգևել ծնողներին, որքան նրա ութ ավագ եղբայրներին ու մեկ քրոջ լույս աշխարհ գալը։
«Անուն չէինք կարողանում որոշել, որ համ սիրուն, համ մեր սրտով լինի, համ էլ չկրճատվի։ Որոշվեցինք Մոնթե դնել, բոլորը համաձայնվեցին ու դրեցինք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Մանուկյանը։
Մոնթեի քույրն ու եղբայրները՝ Հարությունը, Արգիշտին, Մինասը, Արմանը, Ագնեսան, Նարեկը, Արթուրը և Ալեքսը, օգնում են ծնողներին փոքրիկի խնամքի հարցում։
«Երեխաներին ասել եմ, որ պետք է նորից ախպեր ունենան, շատ լավ են ընդունել, ծնվելուց հետո էլ շատ ուրախ են, ձեռքից ձեռք են փախցնում»,- նշեց տիկին Քրիստինեն։
Եղբայրներից միայն երկրորդը՝ Դավիթը, կրտսեր եղբոր հետ մի փոքր ուշ կծանոթանա՝ երբ վերադառնա զինվորական ծառայությունից։ Ենգոյանների ընտանիքի առաջին զինվորները՝ Հարությունը և Դավիթը, մասնակցել են 44-օրյա պատերազմին, ժամկետայիններ են եղել։
«Հարությունն Աղդամում է եղել՝ Խոջալուի զորամասում, բայց պատերազմի ժամանակ ամբողջ ընթացքում Աղդամում է եղել, ինքը տանկիստ էր։ Դավիթը Մարտունիում է եղել»,- ասաց Քրիստինե Մանուկյանը։
Ամռանը Եգոյանները բանակ կճանապարհեն Արգիշտիին։ Նա այժմ 12-րդ դասարանում է սովորում և ուզում է իրավաբան դառնալու։ Երեխաներից երկուսը հստակ որոշել են՝ արվեստով են զբաղվելու։ Հարությունը նկարիչ է դառնալու, ընտանիքի միակ դուստրը՝ Ագնեսան, պարուհի։
Ամենաշատը փոքրիկների հարցում մորն օգնում է 15-ամյա Մինասը, նա երկու տարեկան Ալեքսի գլխավոր խնամողն է։
Մոնթեն ամուսինների վերջին զավակը կլինի։ Մայրը դեմ չէր լինի երկրորդ տասնյակին անցնել, բայց նա արդեն հինգ կեսարյան հատում է արել, բժիշկները եւս մեկ հղիությունը վտանգավոր են համարում։
Բազմազավակ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի չորսենյականոց տանը։ Զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Ասում են՝ դժվարություններ, իհարկե, ունեն, բայց չեն դժգոհում։ Նվազագույն պայմաններն իրենց զավակների համար ապահովում են, իսկ շքեղության չեն ձգտում. Տասը զավակներն իրենց ամենամեծ հարստությունն են։