ՌԴ-ն մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առցանց ճեպազրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք մտահոգված ենք, որ համանախագահների եռյակը դեռ չի կարողացել այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ՝ օգնելու կողմերին քաղաքացիների միջև կապեր հաստատելու հարցում, հումանիտար խնդիրները լուծելու համար»,-ասել է Լուկաշևիչը:
Նա հույս է հայտնել, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին՝ Լուկաշևիչը նշել է, որ չնայած որոշ միջադեպերին, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի ջանքերով հնարավոր է եղել տարածաշրջանում պահպանել կայունություն: Ըստ նրա՝ իրավիճակի կայունացումը թույլ է տվել անդրադառնալ այլ հարցերի՝ ճանապարհների ապաշրջափակում, «3+3» ձևաչափով քննարկում և այլն: