Իրանում հայտարարել են, որ Թեհրանը միջոցներ է ձեռնարկում Էր Ռիադում դեսպանություն բացելու համար
Իրանական կողմը պատրաստ է վերականգնել Սաուդյան Արաբիայում իր դեսպանության աշխատանքը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց վեջնական որոշումը կախված է Էր Ռիադից։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը պատրաստ է իր դեսպանությունը բացել Սաուդյան Արաբիայում, բայց դա կախված է սաուդյան կողմից ու նրա գործողություններից,- Խաթիբզադեին մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։- Մենք կձեռնարկենք նախապատրաստական բոլոր գործողությունները, որպեսզի այդ ճանապարհը հաջողությամբ պսակվի»։
Դիվանագետի խոսքով՝ «ներկա պահին Թեհրանը կենտրոնացած է Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ) Իրանի ներկայացուցչության աշխատանքն սկսելու վրա»։ «Մեր դիվանագետները վիզաներ են ստացել, ինչից հետո դա հնարավոր է դարձել»,- ավելացրել է նա։
Երկուշաբթի իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հանրապետության երեք դիվանագետ սկսել է աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, որպեսզի ԻՀԿ-ում բացեն երկրի ներկայացուցչությունը։
Թեհրանը եւ Էր Ռիադը մի քանի ամիս բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Պետությունների ներկայացուցիչների չորս հանդիպում տեղի է ունեցել Բաղդադում։ Կողմերը նաեւ շփումներ են ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Անցած տարվա հունիսի 21-ին Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռայիսին ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ երկխոսության ոչ մի խոչընդոտ չկա։