ԱՄԷ-ում Արմեն Սարգսյանի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար: