Հազարավոր մակակներ ահաբեկում են թաիլանդական քաղաքին
Հազարավոր կապիկներ ահաբեկում են Թաիլանդի Լոպբուրի քաղաքին։ Կենդանիների հակառակորդ խմբերը պայքարում են գերակայության եւ սննդի համար, հայտնում է Daily Mail-ը։
Լոպբուրին, որը գտնվում է մայրաքաղաք Բանգկոկից մոտ 145 կմ հյուսիս, ամբողջ աշխարհում հայտնի է կապիկների մեծ պոպուլյացիայով։ Տեղացիները նույնիսկ ամենամյա փառատոն են անցկացնում՝ ի պատիվ այս կաթնասունների։
Սակայն այն պահից, երբ կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո զբոսաշրջիկները սկսել են վերադառնալ Թաիլանդ, կապիկները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է համավարակի ժամանակ, շատ ավելի մեծ հասանելիություն են ստացել ուտելիքներին եւ շաքարով ըմպելիքներին:
Այժմ պրիմատները ահաբեկում են քաղաքին։ Ականատեսների նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես են տասնյակ կենդանիներ թափառում փողոցներով, ցատկում մեքենաների վրա, մագլցում մարդկանց վրա եւ նույնիսկ գողանում նրանց սնունդն ու իրերը: Կառավարությունը փորձել է ստերիլիզացման միջոցով վերահսկել պրիմատների պոպուլյացիան, սակայն դա արդյունք չի տվել։
Տեղացիները նույնիսկ շաքարի օշարակով լցված պլաստիկ շշեր են բաժանում կապիկներին, որպեսզի կենդանիները չհարձակվեն մարդկանց վրա: Լոպբուրցիների խոսքերով՝ քաղաքում նույնիսկ հակառակորդ խմբեր կան, որոնք նշում են իրենց տարածքը, ինչը հանգեցնում է բախումների։