Սլավիկ Հայրապետյանն՝ Էստոնիայից․ Դեռ օլիմպիական ուղեգրի հույս կա, քանի որ առաջին պահեստայինն եմ
Եվրոպայի առաջնությունում իմ մասնակցությունից գոհ եմ։ Ազատ ծրագրում չկարողացա ցույց տալ իմ լավագույն արդյունքը։ Կշարունակեմ պատրաստվել եւ հավատով սպասել օլիմպիական ուղեգրին։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էստոնիայից ասել է Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց մենասահքի մրցաշարում Հայաստանի ներկայագուցիչը 167.84 արդյունքով գրավեց վերջին տեղը։
Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը 67.75 միավորով գրավել էր 19-րդ տեղը եւ հաղթահարել որակավորման փուլը։
«Եվրոպայի առաջնությունում իմ մրցելույթից գոհ եմ։ Երկար ծրագրում չկարողացա ցույց տալ իմ լավագույն արդյունքը։ Հիմա շարունակում ենք պատրաստվել եւ հավատով սպասել Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրին, նաեւ զուգահեռ բուժել բոլոր վնասվածքները։
Մինչեւ վերջին վայրկյանը դեռ օլիմպիական ուղեգրի հույս կա, քանի որ ես առաջին պահեստայինն եմ այժմ»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը։
Եթե օլիմպիական ուղեգիր նվաճած գեղասահորդներից որեւէ մեկը չկարողանա մեկնել Պեկին, մասնակցության իրավունքը կփոխանցվի հայ մարզիկին։
Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեցող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը Եվրոպայի առաջնությունում գրավել են 13-րդ տեղը՝ 168.43։
Պեկինի Օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը կանցկացվի փետրվարի 8-ին, ազատ ծրագիրը՝ փետրվարի 10-ին։