Բացահայտվել է Հերակլեսի տաճարի գտնվելու վայրի առեղծվածը
Սևիլիայի համալսարանի մասնագետները հայտնաբերել են Հերակլեսի տաճարի գտնվելու վայրը, որը հին ժամանակներում ամենաշատ այցելվող պաշտամունքի վայրերից է եղել։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով El País-ին։
Դրա պատերին, ըստ անտիկ հեղինակների, եղել են Հերկուլեսի 12 սխրանքները պատկերող բրոնզե ափսեներ։ Կան վկայություններ, որ տաճար են այցելել Կեսարը, Հաննիբալը եւ Սցիպիոն Աֆրիկացին: Կեսարն այնտեղ տեսել է մի մարդու նկար, ում նույնացրել է Ալեքսանդր Մեծի հետ, բայց այնքան էլ պարզ չէ, թե ինչու։ Իսկ Հաննիբալը զոհաբերություններ է արել սրբավայրում՝ Իտալիայում տարած հաղթանակների համար շնորհակալություն հայտնելով աստվածներին։
Սրբավայրի գտնվելու տեղը երկար ժամանակ առեղծված էր մնում: Հնագետները, օգտագործելով լիդար (հատուկ լազեր), ուսումնասիրել են Կադիսի ծոցի ստորջրյա լանդշաֆտը եւ ստեղծել տեղանքի թվային մոդել: Արդյունքում նրանք գտել են գրեթե 300 մետր երկարությամբ եւ մոտ 150 մետր լայնությամբ կառույց, որը տեսանելի է միայն մակընթացության ժամանակ։
Ինչպես ենթադրում են գիտնականները, տաճարը կանգնած է եղել կղզու վրա, որը ջրի տակ է անցել մոտ երկու հարյուրամյակ առաջ: Նախկինում Կադիսի ծոցից բազմիցս արժեքավոր արտեֆակտներ են դուրս բերվել, ինչը կարող է անուղղակիորեն վկայել, որ Հերակլեսի տաճարը ջրի տակ է գտնվում։ Սակայն մինչ այդ գիտնականները վստահ էին, որ կառույցը եղել է ոչ թե կղզում, այլ ափին, ընդ որում՝ բարձր բլրի վրա՝ համաձայն փյունիկյան շինարարական ավանդույթների։