ԱՄՆ-ը կպատասխանի, եթե ՌԴ-ն մասնակից լինի Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներին․ Սալիվան
ԱՄՆ վարչակազմը պատասխան կպատրաստի դաշնակիցների հետ, եթե պարզվի, որ Ռուսաստանը մասնակից է Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը CBS հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ այդ հարձակումները ԱՄՆ իշխանությունները դեռևս որևէ մեկի հետ չեն կապում։
«Ես չեմ զարմանա, եթե դա, ի վերջո, կապված լինի Ռուսաստանի հետ: Եկեք նախ պարզենք, ապա որոշենք, թե հետագայում ինչ անել»,- ասել է Սալիվանը։ Պաշտոնյան կրկնել է ԱՄՆ վարչակազմի արդեն հնչող հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինա «ներխուժելու» դեպքում Ռուսաստանի համար ծանր տնտեսական հետևանքներ կլինեն։ Ռուսական կողմի նման ծրագրերի որևէ հաստատում Սպիտակ տան ներկայացուցիչը չի հայտնել։
«Եթե պարզվի, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ է իրականացրել Ուկրաինայի դեմ, եթե դա շարունակվի առաջիկա շրջանում, ապա մենք դաշնակիցների հետ կաշխատենք համապատասխան պատասխանի վրա»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ոչ մի կապ չունի ուկրաինական կառավարական կայքերի վրա հաքերային հարձակումների հետ: Նրա խոսքով ՝ Ռուսաստանում սովոր են այն բանին, որ ուկրաինական կողմը Մոսկվային մեղադրում է ամեն ինչում, նույնիսկ վատ եղանակի մեջ։