Տեխասի սինագոգում պատանդներ վերցրած տղամարդը մեռած է
Քոլիվիլի ոստիկանապետ Մայքլ Միլլերը հայտարարել է, որ սինագոգում պատանդներ վերցնելու մեջ կասկածվող անձը մեռած է։ Նրա խոսքերը մեջբերում է CNN հեռուստաալիքը, գրում է «ГазетаРу»-ն։
«Երեկոյան ժամը 9-ին մոտ պատանդներին ազատելու համար գործող խումբը մտավ սինագոգ, նրանք փրկեցին երեք պատանդներին։ Կասկածյալը մեռած է»,- ասել է Միլլերը։
Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը տեղեկացրել էր, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, նրանք չեն տուժել։
Հունվարի 15-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Տեխասի Beth Israel սինագոգում տղամարդը պատանդներ է վերցրել։ Միջադեպը ցուցադրվում էր ուղիղ եթերով։
Սոցիալական ցանցերում հեռարձակման ընթացքում լսվում էր, թե ինչպես է զինված մարդը խոսում բրիտանական շեշտադրությամբ. «Եթե որեւէ մեկը փորձի մտնել շենք, ասում եմ ձեզ... բոլորը կմեռնեն»։ «Ես կմեռնեմ։ Ինձ համար լաց չլինեք»,- կրկնում էր տղամարդը։ Պատանդներ վերցնելուց հետո հեռարձակումը շարունակվել է մի քանի րոպե։ Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է հարձակվողը սպառնում պատանդներին, իսկ հետո հեռարձակումն ընդհատվել է։
Տղամարդը պահանջում էր ազատ արձակել ահաբեկիչ քրոջը։ Տեղեկացվում է, որ կինը, որի մասին խոսվում է, դատապարտվել է 86 տարվա ազատազրկման ՀԴԲ գործակալի սպանության համար։ Նա պահվում է Տեխասի Քարսուել ռազմաօդային կայանում։ Ավելի ուշ ԱՄՆ-ում ահաբեկչության մեջ մեղադրված կնոջ՝ Աաֆիա Սիդիկիի փաստաբանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ հարձակվողն իր պաշտպանյալի եղբայրն է։