Տոկաևը հանձնարարել է պարզել Ղազախստանում անկարգությունների հետևանքով մահացածների ճշգրիտ թիվը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը հանդիպում է ունեցել ուժային կառույցների ղեկավարության հետ, որի ընթացքում հանձնարարել է պարզել անկարգությունների զոհերի ճշգրիտ թիվը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Խորհրդակցության արդյունքներով պետության ղեկավարը մի շարք կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննության, խաղաղ բնակչության շրջանում մահացության ճշգրիտ թվի սահմանման, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման նոր նորմատիվ բազայի մշակման հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ օպերացիաների արդյունքների, ինչպես նաեւ հասարակական անվտանգության եւ իրավունքի եւ երկրում կարգուկանոնի ապահովման այլ միջոցառումների մասին։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել է արագացնել հատուկ օպերացիաների ուժերի ստեղծման աշխատանքները եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխման կոնկրետ առաջարկներ ներկայացնել»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով` նախագահը նաեւ ընդգծել է «հակահաբեկչական օպերացիայի ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման կանխման եւ քննչական գործողությունների անցկացման կարեւորությունը»։