Ճաղատ ամբիցիաներ. հարավկորեացի քաղաքական գործիչը ֆինանսավորում է խոստացել մազաթափության բուժման համար
Հարավային Կորեայում մազաթափությամբ տառապող մարդկանց բուժումը պետք է ֆինանսավորի պետությունը՝ «խտրականության» կանխման համար», ասել է նախագահի դեմոկրատ թեկնածու Լի Ջե-Մյոնը, փոխանցում է AFP-ն:
Նա հայտարարել է, որ մարտին նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կընդլայնի պետական բժշկական ապահովագրությունը, այդ թվում՝ թանկարժեք մազերի փոխպատվաստումը:
«Ես կընդլայնեմ ունիվերսալ բժշկական ապահովագրությունը մազաթափության դեմ դեղամիջոցների համար, ինչպես նաեւ կդիտարկեմ մազերի փոխպատվաստման ֆինանսավորումը մազաթափության ծանր դեպքերում»,- գրել է նա Facebook-ում արված գրառման մեջ, որը րոպեների ընթացքում հարյուրավոր լայքեր է հավաքել:
Նրա խոսքով՝ մազաթափությամբ տառապող մարդիկ «ամեն օր խտրականության են բախվում տարբեր տարիքային ու սեռային խմբերում»։ Համացանցում հրապարակված կարճ տեսանյութում Լին, ով կարծես թե մազաթափության խնդիր չունի, ձեռքն անցկացնում սեւ կոկիկ մազերի միջով՝ խոստանալով պահպանել յուրաքանչյուր ընտրողի մազերը:
Շատ կորեացիներ անարդյունավետ եւ պոտենցիալ վնասակար միջոցներ են գնում առանց դեղատոմսի, քանի որ մազաթափության թանկարժեք «կոսմետիկ» միջոցները ներկայումս բացառված են ապահովագրական ծածկույթից, նշել է նա՝ բացատրելով իր նոր նախընտրական խոստումը:
Խնդիրը վերաբերում է հարավկորեացի յուրաքանչյուր հինգերորդին, հայտարարել է նրա նախընտրական շտաբը՝ առանց հստակեցնելու, թե որքան կարժենա պետությանը խոստման կատարումը:
Լին Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների երկու առաջնորդներից մեկն է։ Նա կոշտ մրցավազքի մեջ է ընդդիմադիր թեկնածու Յուն Սեոկ Յոլի հետ:
Գործող նախագահ Մուն Չժե Ինին օրենքով արգելվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, եւ նա մայիսին պետք է հրաժարական տա: