Գիտնականները պարզել են՝ արդյո՞ք մարդկությունն իսկապես կորցնում է հետաքրքրությունը ճշմարտության հանդեպ
Ինդիանայի եւ Վագենինգենի համալսարանների գիտնականները փորձել են պարզել «պոստճշմարտության» երեւույթի ժողովրդականության պատճառը եւ հետազոտության ընթացքում եկել եզրահանգման, որ հասարակությունում գոյություն ունի իրատեսական փաստարկման կարեւորությունը նվազեցնելու միտում, տեղեկացնում է Eureka Alert-ը։
Հետազոտողները տվյալների վելուծության տեխնոլոգիաների օգնությամբ ուսումնասիրել են գրականության եւ լուրերի վերնագրերի հռետորաբանությունը։
Պարզվել է, որ սկսած XIX դարից եւ վերջացրած 1980-ական թվականներով, մարդիկ ավելի հաճախ են օգտվել բառերից, որոնք կապված են տրամաբանական դատողությունների հետ, ինչպիսին են՝ «հետեւաբար», «հաստատ» եւ «եզրակացություն», եւ ավելի հազվադեպ՝ բառերից, որոնք ներքին զգացողություններ եւ սուբյեկտիվ ընկալումներ են նշում։ Բայց սկսած 1980-ական թվականներից՝ միտումը հակառակ ընթացքն է ստացել։
Ավելին, գիտնականները հայտնաբերել են, որ 2000-ականների վերջին տրամաբանական դատողությունները զգացումների վրա հիմնված փաստարկներով փոխարինելու միտումը խիստ արագացել է։ Ենթադրաբար՝ կապված սոցիալական մեդիաների ժողովրդականության աճի հետ։
«Ինչպիսին էլ որ լինեին այդ միտման շարժիչ ուժերը, մեր արդյունքները ցույց են տալիս, որ «պոստճշմարտության» երեւույթը կապված է մտածողության մեր երկու հիմնարար միջոցների՝ դատողության եւ ինտուիցիայի միջեւ հավասարակշռության պատմական տատանման հետ»,- հետազոտության արդյունքները բացատրել է լեզվաբան Ինգրիդ վան դե Լեեմպուտը։