Շրի Լանկայում բաց աղբավայրի պլաստիկ թափոնները սպանում են փղերին
Բնապահպաններն ու անասնաբույժները նախազգուշացրել են, որ արեւելյան Շրի Լանկայի բաց աղբավայրի պլաստիկ թափոնները սպանում են փղերին. անցած շաբաթ եւս երկու սատկած փիղ էր հայտնաբերվել, հաղորդում է AFP-ն:
Վերջին ութ տարվա ընթացքում Պալլակադու գյուղի Ամպարա թաղամասի աղբավայրում պլաստիկ աղբ ուտելուց հետո մոտ 20 փիղ է սատկել: Սատկած կենդանիների զննումը ցույց է տվել, որ նրանք մեծ քանակությամբ չքայքայվող պլաստիկ աղբ են կերել, ասել է անասնաբույժ Նիհալ Պուշպակումարան:
«Պոլիէթիլենը, սննդի փաթեթները, պլաստմասը եւ այլ չմարսվող նյութերն ու ջուրը միակ բանն էին, որ մենք տեսանք դիահերձման ժամանակ»,- ասել է նա:
Փղերին Շրի Լանկայում հարգում են, բայց կենդանիները նաեւ վտանգված են: Ըստ երկրում փղերի առաջին հաշվեգրման՝ նրանց թիվը 19-րդ դարի 14000-ից նվազել է մինչեւ 6000 2011 թվականին:
Դրանք գնալով ավելի խոցելի են դառնում իրենց բնական միջավայրի կորստի եւ դեգրադացման պատճառով: Շատերը սնունդ փնտրելու համար մոտենում են մարդկանց բնակավայրերին, իսկ որոշներին սպանում են որսագողերը կամ իրենց բերքին հասցված վնասի պատճառով զայրացած ֆերմերները: