Մարզերում նոր տեռոր կսկսեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ պլանը հնարավորինս շատ համայնքապետների նկատմամբ քրեական գործեր «կարելն» է, ինչը Փաշինյանի սիրած զբաղմունքն է: Նման շահագրգռվածության հիմնական պատճառը ոչ միայն նեղվածությունն է խայտառակ արդյունքներից, այլև առաջիկայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեն:
Ինչպես հայտնի է, իշխանությունները պատրաստվում են արմատապես փոխել Սահմանադրությունը, մասնավորաբար կառավարման համակարգը, իսկ իրենք վաղուց կորցրել են նաև էլեկտորատը: Ուրեմն, մարզերում պետք են հավատարիմ ու իրենց հրամանները հլու-հնազանդ կատարող համայնքապետներ, որոնք կլծվեն ամեն գնով «այո»-ն ապահովելու գործին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այսպես կոչված, «սորսականները», որոնք բավականին շահարգռգռված են սպասվող սահմանադրական փոփոխություններով, փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունից հանվեն «սուպերվարչապետության» բոլոր «դրվագները»։
Ըստ կառավարության կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, իշխանությունները փորձելու են հասնել հետևյալ լուծման. Սահմանադրությունը գրեթե արմատապես փոխվում է, ՀՀ-ում վերահաստատվում է կիսանախագահական համակարգ, որտեղ ուժայինները դարձյալ անցնում են նախագահի վերահսկողության տակ։ Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը միանգամից հաճելին համատեղում է օգտակարի հետ՝ իր հարաբերությունները չվատացնել «սորոսականների» հետ, հետո էլ շարունակել իր «թագավորական» կյանքն արդեն նոր պաշտոնում, եթե, իհարկե, հաջողվի մինչ այդ մնալ իշխանության ու «ընտրվել»»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: