Թշնամուց փրկված, հայրենիքում դեռ մշտական տանիք չգտած գորգերի ճակատագիրն անորոշ է
Վերնեյի «Քարավանը» 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից հակառակորդի կողմից չթիրախավորվելու նկատառումով մթության մեջ՝ հեռախոսի լուսարձակների օգնությամբ տարհանված գորգերից, ասեղնագործություններից ու կարպետներից մեկն է։
«Սա 18–րդ դարի աշխատանք է եւ արտացոլում է Մետաքսի ճանապարհի շարժը, որի մասին հիմա շատ են խոսում։ Սրանք ուղտեր են, կապույտ գույնը գիշերն է, կարմիրը՝ ցերեկը, այս զիզզագն էլ արտացոլում է գիշերվա ու ցերեկվա անցումը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։
Թանգարանի մոտ 300 նմուշներից պատերազմի օրերին կարողացել են դուրս բերել միայն 170–ը, մնացածը փրկել չի հաջողվել, քանի որ դրանք պահոցի շենքում էին։ Վարդան Ասծատրյանը հիշում է՝ պատերազմից երկու ամիս առաջ իր մտքով անցել էր պահոցից 70 կարպետ, գորգ տեղափոխել ցուցահանդեսի դահլիճ։ Երեւի սիրտն էր կանխազգացել։
«Ուզեցի փոխել էքսպոզիցիան ու դա բերեց նրան, որ այդքան ավել գորգեր փրկվեցին։ Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչն ինձ դրդեց այդ քայլին գնալ, որովհետեւ 4–5 տարի ես չէի փոխել էդ էքսպոզիցիան»,– նշում է Վարդան Ասծատրյանը։
Շուշիից տարհանված գորգերը Հայաստանում դեռ մշտական տուն չունեն, ի սկզբանե դրանք պահ են տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում է սկսվել եւ մոտ մեկ տարի առաջ ցուցանմուշները տեղափոխվել են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք դեռ ճարտարապետության ազգային թանգարանում են։ Թանգարանի տնօրինությունը դրանք կարող է պահել մինչեւ փետրվար, Ասծատրյանը հույս ունի, որ ստիպված չեն լինի գորգերը հանել ճարտարապետության թանգարանից, քանի դեռ Արցախի կառավարությունը Ստեփանակերտում գորգերի պահման պայմաններին համապատասխան տարածք չի գտել։
«Մենք պետք է հարցին նայենք պատմական տեսանկյունից, որովհետեւ մեզ հաջորդող սերունդը պետք է տեսնի այս ժառանգությունը։ Դրա համար պետք է հասկանալ պահի լրջությունը»,– ասում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։
Ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը ասում է՝ իր համար պատիվ էր Շուշիից տարհանված այդ ժառանգությունն ընդունել ճարտարապետության թանգարանում։ Հնարավորության դեպքում հաճույքով դրանք ավելի երկար կպահեր, բայց հիշեցնում է՝ սա ճարտարապետության թանգարան է։
«Եթե իմ ուզելով լիներ, ես մեծ սիրով կպահեի տարիներով, բայց ինչ–որ օրինաչափություններ եւ խնդիրներ կան, որոնք իմ լուծելուց վեր են։ Այն դահլիճում որտեղ հիմա գորգերն են, պատրաստվում էինք թանգարանի մշտական ցուցադրություն անել, դա պարտադիր է, մանավանդ երբ խոսքը մեր ճարտարապետության մասին է, որն ունի շատ հարուստ ժառանգություն»,– ընդգծում է Մարկ Գրիգորյանը։
Հայաստանի կառավարությունն առաջարկել է նաեւ գորգերը տեղափոխել Սարդարապատի եւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարաններ, բայց Ասծատրյանը մերժել է։
«Ցեցի վարակ կար, հնուց եկած խնդիր էր, որը հիմա լուծում են, բայց դա ժամանակատար է, մենք էլ մեր գորգերը չենք կարող տանել նման տեղ»,– նշում է Վարդամ Ասծատրյանը։
Սեպտեմբերին, երբ լրացել է ճարտարապետության թանգարանի պայմանագրի ժամկետը, Արցախի մշակույթի նախարարությունից ասել են, որ գորգերի համար կարող են տարածք տրամադրել, բայց դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի, բացի այդ գորգերը պետք է ունենան նոր անձնագրեր։ Դիմել են «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ–ին, անձնագրավորման աշխատանքներն ավարտել է տարեվերջին։ Սակայն գորգերն Արցախ կտեղափոխվեն միայն այն ժամանակ, երբ Արցախում դրանց համար հարմար կացարան կգտնեն։
«Արցախում հիմա փնտրում ենք արժանապատիվ տեղ, որը կհամապատասխանի գորգեր պահելու պայմաններին։ Հարցն օրակարգում է, հունվար ամսին պետք է այդ հարցը լուծվի»,– ասում է Լուսինե Ղարախանյանը։
Շուշիի գորգերի թանգարանից փրկված նկարներն էլ այժմ Ազգային պատկերասրահում են, խեցեղենը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Վարդան Ասծատրյանի համար առաջնահերթ է, որ Շուշիի գորգերի թանգարանի փրկված ժառանգությունը մի վայրում լինի, նախընտրելի է՝ Արցախում։
«Թանգարանի Արցախում լինելը կարեւոր է այն առումով, որ ժողովուրդն իր մեջ վստահ կլինի, որ նման հարստությունը վերադարձվել է Արցախ ու աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը չի ուզում լքի իրենց հայրենիքը»,– շեշտում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։
Անցած 11 ամիսների ընթացքում Շուշիի գորգերի ցուցադրությունը բազմաթիվ այցելուներ է ունեցել։ Դրանով հետաքրքրված են նաեւ զբոսաշրջիկները։ Մասնագիտությամբ ճարտարապետ Լիզան, որը Մոսկվայից է եկել, ուրախ է, որ Հայաստանի ճարտարապետական ժառանգության ծանոթանալու նպատակով թանգարան այցի ժամանակ իր համար բացահայտել է նաեւ հայկական գորգերի հմայքը։
«Քանի որ ես ճարտարապետ եմ, հատուկ եկա ճարտարապետության թանգարան։ Շատ տպավորված եմ։ Այս գորգերը քեզ կարծես նոր աշխարհ ե տեղափոխում։ Կարծում եմ՝ մենք դեռ լիարժեք պատկերացում չունենք այն մասին, թե մարդիկ հնում որքան խորություն են ներդրել այս գործերի մեջ։ Սա առանձին մշակույթ է եւ մարդիկ պետք է իմանան դրա մասին»,– ասում է ռուս զբոսաշրջիկը։
Մինչեւ 17–րդ դարը թվագրվող, Արցախի, Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանի տարածքներում գործված այս գորգերի, կարպետների ու ասեղնագործությունների մասին նախկինում հրապարակումներ են եղել նաեւ միջազգային ամսագրերում։ Վարդան Ասծատրյանը հույս ունի, որ այս արժեքավոր ժառանգությունը մի օր կրկին իր մշտական հանգրվանը կգտնի Արցախում՝ պահպանելով «Շուշիի գորգերի թանգարան» անունը՝ որպես աշխարհին պատմող խոսուն վկայություն կորսված Շուշիի հայկական լինելու մասին։