Հազարավոր կատաղած վայրի կապիկներ ահաբեկում են թաիլանդական քաղաքը
Կատաղած վայրի կապիկների խմբերն ահաբեկում են թաիլանդական Լոպբուրի քաղաքը, որը մայրաքաղաքից մոտ 120 կմ դեպի հյուսիս է ընկած:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այն բանից հետո, երբ համավարակային սահմանափակումների զգալի մեղացումից հետո զբոսաշրջիկները սկսել են կրկին այս քաղաք այցելել, պարզվել է, որ Լոպբուրիի կապիկների թիվը համավարակի ընթացքում մի քանի անգամ կրկնապատկվել է: Բացի այդ, նրանք կախվածություն են ձեռք բերել շաքարով հարուստ սննդից և ըմպելիքներից ու անընդհատ գտնվում են դրանց փնտրտուքում:
Այժմ քաղաքի փողոցները լեփ-լեցուն են հազարավոր կապիկներով, որոնք դաժան մրցակության մեջ են սննդի և տարածքի համար:
Երեքշաբթի արված տեսանյութում երևում է, որ տասնյակ կենդանիներ թափառում են փողոցներով՝ ցատկելով մեքենաների վրա, մագլցելով մարդկանց վրա և գողանալով նրանց ուտելիքն ու իրերը: Հատակապես անհանգստացնող է, որ կապիկները չեն վախենում մարդկանցից:
Տեղաբնակները պատմում են, որ կապիկները նույնիսկ հակառակորդ խմբեր են կազմել՝ իրենց տարածքը պահելու համար, և երբ դրանք հանդիպում են, բախումներ են լինում: