Վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին:
Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրու քաղաքապետի ու փոխղքաղաքապետների պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.
«Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրին որոշում՝ կենտրոնանալ Գյումրու խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում:
Դրանից, իհարկե, միայն Գյումրու մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրու աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»:
Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրու 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկագմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:
Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրու քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ: «Այսօր հանդիպում ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևանի փորձը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ համագործակցությունը Երևանի գործընկերների հետ հաջողությամբ ընթանում է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում առաջիկայում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: