Ավստրալիայի համայնքները կառավարությանը կոչ են արել ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը
Մելբուռնի եւ Վիկտորիայի հունական համայնքի նախագահ Բիլ Պապաստերգիադիսը եւ Մելբուռնի եւ Վիկտորիայի կիպրոսյան համայնքի նախագահ Թեո Ֆեոֆանուսը, Ավստրալիայի Պոնտական դաշնության աջակցությամբ նամակ են ուղարկել վարչապետին՝ հորդորելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել Օսմանյան կասյրությունում 1915-1923թթ. հայերի, ասորիների, հույների եւ քրիստոնեական այլ փոքրամասնությունների դեմ կատարված ցեղասպանությունը, տեղեկացնում է neoskosmos-ը։
Նամակը հաջորդել է 2021թ. նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի միաձայն ընդունած առաջարկին, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչել ցեղասպանության ակտերը։
Առաջարկն արժանացել է խորհրդարանի հավանությանը։
2021թ. դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է ցեղասպանությունը, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Դանիան եւ Վատիկանը։
«Այն ամենը, ինչ խնդրել ենք վարչապետից, իսկ իրականում խնդրում ենք նաեւ ընդդիմության ղեկավարից, միաձայն որոշումը հարգելն է, որն ընդունել է խորհրդարանը, եւ գործել դրան համապատասխան»,- ասվում է համայնքների նախագահների համատեղ հայտարարությունում։
Վարչապետին ուղղված նամակում նրանք գրել են հետեւյալը. «Որպես Մելբուռնի եւ Վիկտորիայի հունական եւ կիպրոսյան համայնքների նախագահներ՝ Ավստրալիայի Պոնտական դաշնության նախագահի հետ համատեղ, դիմում ենք ձեզ կոչով՝ գործել այն առաջարկին համապատասխան, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 2021թ. նոյեմբերի 29-ին եւ պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը»։