Արքայազն Էնդրյուն հրաժարվել է ռազմական տիտղոսներից եւ թագավորական պարտականություններից
Եղիսաբեթ II թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, հրաժարվել է իր զինվորական կոչումներից եւ թագավորական խնամակալական պարտականություններից, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։
«Թագուհու համաձայնությամբ եւ հավանությամբ Յորքի դուքսը հրաժարվում է իր զինվորական կոչումներից եւ թագավորական խնամակալական պարտականություններից»,- ասվում է պալատի հաղորդագրության մեջ։
Նա նաեւ զրկվում է «Նորին թագավորական մեծություն» կոչումից, BBC-ին հայտնել են աղբյուրները:
Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ արքայազնի փաստաբանները չկարողացան համոզել ամերիկյան դատարանին դադարեցնել սեռական բռնության քաղաքացիական գործը, որում Յորքի դուքսը մեղադրվում է ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեի կողմից: Արքայազն Էնդրյուն հետեւողականորեն հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ չի ճանաչում կնոջը։
«Յորքի դուքսը կշարունակի չկատարել որեւէ պետական պարտականություն եւ այս գործում իրեն որպես մասնավոր անձ է պաշտպանում»,- հայտնել են պալատում:
Որոշ ժամանակ առաջ բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին, որ պալատում քննարկում են, թե ինչպես պաշտպանել միապետությունը եւ թագուհու հեղինակությունը դատարանում Յորքի դքսի պարտության դեպքում։ «Նրան չի կարելի սովորական մարդու նման ստիպել հեռանալ, բայց կարելի է խնդրել որոշ ժամանակով հրաժարվել իր կոչումից»,- Times-ը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը:
Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտնել էր, որ Էնդրյուի՝ որպես թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականություններից ժամանակավոր հրաժարականից հետո (դա տեղի է ունեցել 2019 թվականին), նա նաեւ չի մասնակցի բանակի հետ կապված միջոցառումներին։