Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի հարցում օգնության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Ադրբեջանի նախագահի ուղերձի մեծ մասը նվիրված է Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի աջակցության համար երախտագիտության խոսքերին։
«Անցած հունիսին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումը Շուշի քաղաքում, որն ամբողջ թյուրքական աշխարհի հնագույն մշակութային կենտրոնն է հանդիսանում, կարեւոր պատմական քայլ էր, որը եւս մեկ անգամ հաստատեց մեր անխորտակելի միասնությունը։ Սահմանելով ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները՝ այս փաստաթուղթը նոր փուլի հիմք դրեց՝ ճանապարհ բացելով մեր ապագա համատեղ հաջողությունների համար»,- ասել է Ալիեւը։
«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա 44-օրյա Հայրենական պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին րոպեներն անձամբ Ձեր, Թուրքիայի Հանրապետության, Ձեր եղբայրական ժողովրդի ցուցաբերած բարոյական աջակցությունն ու համերաշխությունը։ Եվ այսօր Թուրքիայի հետ ուս ուսի տված առաջ ենք գնում օկուպացիայից ազատագրված հողերի հիմնանորոգման ու վերականգնման գործում, ինչը խորը գոհունակություն է առաջացնում։ Մենք, մեր հերթին, միշտ եւ բոլոր հարցերում կշարունակենք լինել եղբայրական Թուրքիայի կողքին»,- խոստացել է Ալիեւը։