ՄԱԿ-ը համաշխարհային տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում 2022 եւ 2023 թվականների համար
ՄԱԿ-ը համաշխարհային տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում 2022 եւ 2023 թվականների համար՝ ասելով, որ աշխարհը COVID-19 վարակի նոր ալիքների, աշխատաշուկայի շարունակական մարտահրավերների, մատակարարման շղթայի հետ կապված խնդիրների եւ աճող գնաճային ճնշումների է բախվում:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2021 թվականին 5.5 տոկոսով աճից հետո, որը համաշխարհային տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, կանխատեսվում է, որ 2022 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի ընդամենը 4 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 3.5 տոկոսով:
Ըստ ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները 2022 թվականի համար» զեկույցի՝ անցյալ տարի կայուն վերականգնումը հիմնականում պայմանավորված էր սպառողական ծախսերով, աճող ներդրումներով եւ ապրանքների առեւտրով, որոնք գերազանցում էին մինչքովիդային մակարդակը:
Սակայն աճի թափը «մինչեւ 2021 թվականի վերջ զգալիորեն թուլացել էր, այդ թվում՝ խոշոր տնտեսություններում, ինչպիսիք են Չինաստանը, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները», քանի որ համավարակի դրամավարկային եւ ֆինանսական խթանների ազդեցությունը սկսել է թուլանալ եւ մատակարարման շղթաներում լուրջ խափանումներ սկսեցին առաջանալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական եւ սոցիալական հարցերով տեղակալ Լյու Ժենմինը մատնանշեց օմիկրոն տարբերակի տնտեսական եւ մարդկային ծախսերը: «Առանց COVID-19-ի զսպման համակարգված եւ համահունչ գլոբալ մոտեցման, որը պատվաստանյութերի համընդհանուր հասանելիություն է ներառում, համավարակը կշարունակի վտանգ ներկայացնել համընդհանուր եւ կայուն համաշխարհային տնտեսական վերականգնման համար»,- ասել է Լյուն:
Զեկույցում ասվում է, որ զարգացած երկրներում աշխատուժի պակասը սրում է մատակարարման շղթայի խնդիրները եւ գնաճային ճնշումները։ Նշվում է, որ զարգացող երկրների մեծ մասում աճն ավելի թույլ է եղել։
Մինչ ավելի բարձր գներն օգնեցին ապրանքների արտահանումից կախված երկրներին, սննդամթերքի եւ էներգակիրների գների աճն արագ գնաճ առաջացրեց, հատկապես՝ Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում, ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:
«Վերականգնումը հատկապես դանդաղ էր զբոսաշրջությունից կախված տնտեսություններում, հատկապես՝ փոքր զարգացող կղզային երկրներում»: