Կորոնավիրուսը սկսել է տարածվել վայրի հնդկական ընձառյուծների պոպուլյացիաներում
Հնդիկ գիտնականները պարզել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը սկսել է տարածվել վայրի հնդկական ընձառյուծների պոպուլյացիաներում։ Հետազոտության նկարագրությունը հրապարակվել է bioRxiv-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վիրուսի նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2-ի դելտա տարբերակը տարածվում է վայրի հնդկական ընձառյուծի պոպուլյացիաներում: Այս բացահայտումն ընդգծում է վայրի կենդանիների պոպուլյացիաների մշտական դիտարկման անհրաժեշտությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում SARS-CoV-2-ի էվոլյուցիան, ինչպես է այն տարածվում վարակի բնական ռեզերվուարներում»,-գրում են հետազոտողները։
Անցած տարվա ընթացքում գիտնականները բազմաթիվ օրինակներ են բերել, թե ինչպես է SARS-CoV-2-ը կամ նմանատիպ կորոնավիրուսներ ներթափանցում վայրի եւ ընտանի կենդանիների պոպուլյացիաների մեջ: Մասնավորապես, ամերիկացի գիտնականները սպիտակապոչ եղջերուների եւ վայրի կատուների արյան նմուշներում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, ավելի վաղ հայտնի է դարձել, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է վարակել ջրաքիսներին, առյուծներին, վագրերին եւ շատ այլ վայրի կենդանիների։
Նոր ուսումնասիրության մեջ հնդիկ գիտնականները՝ Գուրավ Կումար Շարմայի գլխավորությամբ, Հնդկաստանի անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտից պարզել են, որ SARS-CoV-2-ի դելտա տարբերակը սկսել է տարածվել հնդկական Ուտար Պրադեշ նահանգի վայրի ընձառյուծի պոպուլյացիաներում: Գիտնականները վերլուծել են հյուսվածքների եւ արյան նմուշներ, որոնք վերցվել են ընձառյուծի ձագի մարմնից։ Գիտնականները նրա մարմնում հայտնաբերել են կորոնավիրուսի մասնիկներ։
Վիրուսային մասնիկների գենոմային վերլուծություն կատարելուց հետո գիտնականները պարզել են, որ սատկած ընձառյուծը վիրուսի դելտա շտամի կրող էր, որի արագ տարածումը Ուտար Պրադեշի տարածքում ավարտվել է անցյալ ամառ։
Ըստ Կումար Շարմայի եւ նրա գործընկերների՝ դա ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ի դելտա տարբերակը մտել է հնդկական ընձառյուծի պոպուլյացիա՝ կենդանիների եւ մարդկանց պատահական շփման արդյունքում։ Սա ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ն ակտիվորեն տարածվել է վայրի կատուների պոպուլյացիաներում անցյալ տարվա երկրորդ կեսին։