Ռուսաստանը հստակ պատասխան չի ստացել անվտանգության իր առաջարկներին. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին հստակ պատասխան չի լսել։ Այս մասին հինգշաբթի Վիեննայում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, գործընկերներից համարժեք պատասխան կամ արձագանք չլսեցինք մեր առաջարկներին։ Ամեն ինչ պտտվում էր նրանց մտահոգությունների և Ռուսաստանի իբր ագրեսիվ պահվածքի շուրջ, հատկապես ուկրաինական իրադարձությունների համատեքստում։ Նրանք յուրովի են մեկնաբանել անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որն ամրագրված է ԵԱՀԿ փաստաթղթերում»,- ասել է Լուկաշևիչը։
Նա նշել է, որ Ժնևում և Բրյուսելում բանակցությունների արդյունքներով Արևմուտքի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի առաջարկներին կառուցողական արձագանք չի լինի։
Նրա խոսքով, Ռուսաստանը վերջնագիր չի ներկայացնում արևմտյան երկրներին, այլ առաջարկում է «մասնագիտորեն կարգավորել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների մոտ ծագած խնդիրները և այդ հարցում փոխզիջումներ գտնել»։
«Այս իրավիճակն արդեն բերում է նրան, որ մենք այլևս շուրջպար չենք վարելու: Մենք բավականին կարճ ժամանակում սպասում ենք մեր գործընկերների արձագանքին, սա ամիսներով և տարիներով ձգձգվող գործընթաց չէ»,- հավելել է Լուկաշևիչը: