Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է «անարդարության» մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը «անարդարության» մեջ՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մնում է Անկարայի առաջնահերթությունը՝ կոչ անելով դաշինքին «ավելի համարձակ» դիրքորոշում զբաղեցնել երկկողմ հարաբերությունները բարելավելու ջանքերում, հաղորդում է Sabah-ը։
Էրդողանն ասել է, որ ինքն անձամբ ականատես է եղել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում արգելափակելու փորձերին: «Թուրքիան, որը աշխարհագրորեն եւ պատմականորեն Եվրոպայի մաս է, հավատարիմ է իր նպատակին»,-ասել է նա։
Նրա խոսքով, Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն կազատվի իր «ռազմավարական կուրությունից» եւ «ավելի համարձակ» կգործի Անկարայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Ընդգծելով Թուրքիայի «կարեւոր դերը» կարեւոր խնդիրների լուծման գործում՝ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին իր «ապակառուցողական դիրքորոշման համար»։
«ԵՄ-ն պետք է կանխի Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները համերաշխության պատրվակով սաբոտաժի ենթարկելու փորձերը»,-հավելել է նա։
«Եվրոպան բոլորովին այլ պատկեր կունենար, եթե չլինեին Թուրքիայի հսկայական ջանքերը»,-ասել է Էրդողանը` նկատի ունենալով Սիրիայից ներգաղթյալների ալիքը։ «Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է միգրացիոն ճգնաժամի հետ կապված բեռի եւ պատասխանատվության արդար բաշխում»,-ասել է Էրդողանը։