Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է խորհրդարանի շենք ներխուժել փորձող ցուցարարներին
Ավստրալիայի ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Կանբերայում երկրի դաշնային խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին ցրելու համար, չորս մարդ ձերբակալվել է, հայտնում է CBC հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ ոստիկանությունը Կանբերայում ցուցարարների դեմ պղպեղային գազ է կիրառել եւ ձերբակալել է երեք տղամարդու եւ մեկ կնոջ, ովքեր փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք։ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի ոստիկանական վարչության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել անկարգությունների համար։
Գերատեսչությունը նաեւ հայտնել է, որ ակցիան կազմակերպել են պատվաստումների հակառակորդները, ովքեր այն նույն խմբից են, որն անկարգություններ էր կազմակերպել եւ հրկիզել էր Ավստրալիայի դեմոկրատիայի թանգարանի շենքը դեկտեմբերի 30-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել վեց տղամարդու դեմ, ովքեր հրդեհ էին բռնկել պատմամշակութային վայր համարվող Ավստրալիայի խորհրդարանի հին շենքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հրկիզման եւ գույքին վնաս պատճառելու, ինչպես նաեւ կենսապահովման անձնակազմի վրա հարձակում գործելու եւ պետական ծառայողների ծառայությանը խոչընդոտելու համար:
Երկրի խորհրդարանի պատմական շենքը, որտեղ այժմ գտնվում է Ավստրալիայի ժողովրդավարության թանգարանը, հրկիզվել էր դեկտեմբերի 30-ին Կանբերայում բողոքի ցույցի ժամանակ բռնկված անկարգությունների ժամանակ։ Հրդեհի հետեւանքով ավերվել է շենքի մուտքերից մեկը, շտապ օգնության աշխատակիցները ստիպված են եղել տարհանել թանգարանի աշխատակիցներին։