Կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտոկայանների համալիր» ՓԲԸ-ն. այն էլէներգիայի արտադրությամբ այլևս չէր զբաղվում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Գորիսում գտնվող «Որոտանի հիդրոէլեկտոկայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ ՊՆ-ին վերապահվել են ՀՀ կառավարության 2010-ի նոյեմբերի 4-ի որոշմամբ: Ընկերության կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեությունը (էլեկտրաէներգիայի արտադրությունը) ներկայումս չի իրականացվում, Ընկերության ամբողջ անշարժ և շարժական գույքն օտարվել է ՀՀ կառավարության 2015-ի ապրիլի 22-ի որոշմամբ, իսկ աշխատողների թիվը կազմում է թվով 3-ը:
Ընկերությունն ունի հավաքագրման ենթակա շուրջ 14,343 մլրդ դրամ դեբիտորական պարտքեր, որից մոտ 6 մլրդ դրամը հանդիսանում է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 8 մլրդ դրամը «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 46,9 մլն դրամը՝ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը և 131 մլն դրամը՝ պետական բյուջեի պարատավորությունը:
2021-ի սեպտեմբերի 15-ի դրությամբ Ընկերության դրամական միջոցները կազմել են 2,805,547.9 հազ. դրամ, այդ թվում 1,067.9 հազ. Դրամ հաշվարկային հաշվում, 1,051,280.0 հազ. Դրամը ավանդադրված են՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1.440.000 ԱՄՆ դոլարի տեսքով և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350,000.0 հազ. դրամ:
Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ընկերության 09.12.2021թ. դրությամբ ավանդադրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե: